Ի դեմս «Բարսելոն»-«Արսենալ», «Բավարիա»-Յուվենտուս» դիմակայությունների, վաղը ֆուտբոլասերի համար բացառիկ օր է: Եթե առաջինը ոչ ամբողջությամբ, ապա երկրորդը լիովին կարող էր լինել Չեմպիոնների լիգայի եզրափակչի զարդ: Ասվածը բնավ էլ չի նշանակում, թե մենք քիչ կարևորություն ենք տալիս այսօր երեկոյան կայանալիք «Աթլետիկո»-«Էյնդհովեն», «Մանչեստր Սիթի»-Կիևի «Դինամո» մրցակցություններին, սակայն թող ներվի ասելը, սրանց համազոր քիչ բախումներ չէ, որ մեզ պարգևեցին հանգստյան օրերին կայացած եվրոպական ֆուտբոլային գրանդ տերությունների առաջնությունները, իսկ Անգլիայի գավաթային խաղերից գոնե երկուսը «վերջն» էին իրենց սուր մրցակցային ոգով, ինչ-որ տեղ էլ՝ հանգուցալուծմամբ:
ԱՆԳԼԻԱ
Չգրված օրենքներից է՝ եթե ինքդ ես քեզ հետևողականորեն կյանքի լուսանցք հանում, բնականաբար ոչ ոք էլ չի կարող օգնել քեզ: Առաջնության չեմպիոնական մրցավազքում հոգեվարքի մեջ գտնվող «Նորվիչի» հետ խաղում ¥ի դեպ, ակումբի ղեկավարումը ստանձնել է հանրահայտ Ռաֆայել Բենիտեսը¤ «Մանչեստր Սիթին» միանգամայն հարթ տեղում կորցրեց երեք միավոր շահելու հնարավորությունը՝ բավարարվելով գոլազուրկ ոչ-ոքիով: Ասել թե առաջնության հերթականը զոհաբերվեց Կիևի «Դինամոյի» հետ այսօր կայանալիք խաղին, մարդ չի էլ զորում, որովհետև այսօրվա «Սիթին» անգամ մեծագույն ցանկության դեպքում Չեմպիոնների լիգայի եզրափակիչ չի հասնի, թեպետ հայտնի արտահայտություն է՝ երբեք մի ասա երբեք:
Անգլիական մյուս թիմերի համար (բնականաբար այդ իրավունքը նվաճած) հանգստյան օրերը գավաթային էին: «Էվերտոն»-«Չելսի» մրցակցությունում «ազնվականները» զիջեցին 0:2 հաշվով ու դուրս մնացին հետագա պայքարից: Նշենք, որ դա ընթացիկ մրցաշրջանում մրցանակ շահելու նրանց վերջին հնարավորությունն էր: Դուբլով աչքի է ընկել Ռոմելու Լուկակուն, ով ոչ վաղ անցյալում հանդես էր գալիս «Չելսիի» կազմում: Ի դեպ, մրցակցի պարանոցը կծելու համար երկրորդ դեղին քարտն է ստացել Դիեգո Կոստան ու հեռացվել խաղադաշտից: Այնպես որ կծելը միայն Լուիս Սուարեսի «նեղ մասնագիտացումը» չէ:
«Չելսիի» ճակատագիրը կիսեց և «Արսենալը»՝ տանը չկարողանալով հաղթահարել «ՈՒոտֆորդի» արգելքը (1:2): «Մանչեստր Յունայթեդ»-«Վեստ Հեմ» դիմակայությունում գրանցված 1:1 հաշիվը մանկունիացիների համար պահպանեց գավաթի հավակնորդներից մեկի կարգավիճակը, սակայն վերախաղարկման ժամանակ նրանք դեռ պիտի կարողանան հաղթահարել նույն այդ առյուծաբար կռվի ելած «Վեստ Հեմի» արգելքը: Ինչ վերաբերում է «Տոտենհեմին», հյուրընկալած կողմը՝ «Աստոն Վիլան», եղավ չափից ավելի դյուրամարս պատառ՝ 2:0:
ԻՍՊԱՆԻԱ
Վերջին ժամանակներս «Խետաֆեի» համար կատարյալ փորձանք է դարձել «Բարսելոնին» հյուրընկալելը: Խոշոր հաշվով պարտվելու տխուր ավանդույթն իր շարունակությունն ունեցավ նաև այս անգամ՝ 0:6: Երկու գոլի հեղինակ է դարձել Նեյմարը, մեկի՝ Մեսին: Վերջինս չի կարողացել իրացնել տասնմեկմետրանոցը: Նկատենք, որ տուգանային այս հարվածների իրացումը բացառիկ ցածր տոկոս է կազմում կատալոնյան ակումբում, ինչը, սակայն, չի խանգարում հաղթանակ հաղթանակի հետևից տոնելուն:
Խոշոր հաշվով հաղթանակի հասավ և «Աթլետիկոն», թեպետ, ի տարբերություն ոսկու համար պայքարում իր հիմնական մրցակցի, «Դեպորտիվոյի» դարպասը «թրջեց» ընդամենը երեք անգամ:
Խաղավարտը բավական նյարդային ստացվեց «Լաս Պալմասին» հյուր գնացած Մադրիդի «Ռեալի» համար, սակայն Զիդանի սաներին հաջողվեց երկու րոպեի տարբերությամբ խփել հաղթական գոլն ու երեք միավորով վերադառնալ տուն՝ 2:1: Մրցաշարային աղյուսակն ահռելի առավելությամբ (իհարկե՝ իսպանական չափանիշներով) գլխավորում են կատալոնցիները՝ 75 միավոր: «Աթլետիկոն» ունի 67, «արքայականը»՝ 63 միավոր:
ԳԵՐՄԱՆԻԱ
Ընթացիկ մրցաշրջանում երկու խաղում անընդմեջ միավորներ կորցնելուց հետո (պարտություն «Մայնցի» ու ոչ-ոքի Դորտմունդի «Բորուսիայի» հետ դիմակայություններում) Մյունխենի «Բավարիան» «Վերդերի» հետ խաղում «տաքսի» արեց՝ աչքի ընկնելով դարպասի հինգ անպատասխան գրավումով: Եթե Չեմպիոնների լիգայում «Յուվենտուսի» հետ պատասխան խաղից առաջ սա նշանառությունը հստակեցնելու փորձարկում էր, ապա պիտի խոստովանել, որ բավարացիներին դա հաջողվեց: Սակայն չմոռանանք, որ «Վերդերը» «Վերդերն» է, «Յուվենտուսը»՝ «Յուվենտուսը», որի դարպասի պահապան հրեշտակը մեր ժամանակների լավագույն դարպասապահն է՝ Ջանլուիջի Բուֆոնը՝ էլ չենք ասում օր օրի հասակ առնող նրա հարձակման գծի մասին, որտեղ սկսել է տնօրինություն անել երիտասարդ Դիբալան, ում դիտարկում են որպես մեծն Մեսիի ժառանգորդի:
Հաղթելով «Շալկեին» (2:0)՝ Բեռլինի «Հերտան» 45 միավորով ձեռքերում առայժմ ամուր է պահում բունդեսլիգայի երրորդ հորիզոնականը: Ինչ վերաբերում է դորտմունդցիներին, որքան էլ «Մայնցը» պինդ «կորիզի» համարում ունի, այնուամենայնիվ, զիջեց տանտերերին՝ 0:2, ու, ինչպես միշտ, գերազանց էր մեր Հենրիխ Մխիթարյանը, ում հետ, իր իսկ խոստովանությամբ, Տուխելը սիրահոժար պատրաստ է պայմանագիրը երկարաձգելու: «Բավարիան» ունի 67, Դորտմունդի «Բորուսիան»՝ 61 միավոր:
ԻՏԱԼԻԱ
Լուչանո Սպալետիի գալով՝ իտալական «գայլերի» մեջ թարմացել է մեդալների համար պայքարելու ախորժակը: Այս անգամ «Ռոմայի» առջև ծնկեց պինդ թիմի համարում ունեցող «ՈՒդինեզեն», ընդ որում, սեփական հարկի տակ՝ 1:2: Իսկ ահա, նույնպես սեփական հարկի տակ, «Ֆիորենտինան» չդիմացավ մեդալային պայքարի լարվածությանը ու, «Վերոնայի» հետ դիմակայության ավարտին գոլ ընդունելով, բավարարվեց մեկ միավորով՝ 1:1, և զարգացումների նման պայմաններում առավելագույնը, որ կարող է ակնկալել, պայքարն է եվրոզոնայում մնալու համար, քանի որ, ինչպես «քնած» չէ «Ռոման», «քնած» չէ և գործերը կամաց-կամաց կարգավորող «Ինտերը» (հերթականում 2:1 հաշվով հաղթել է «Բոլոնիային»)։
Շարունակում է չեմպիոնական գրաֆիկով ընթանալ երկրի գործող չեմպիոնը, որն անցած տարվա սեպտեմբերից «մոռացել» է պարտություն ասվածը: Ճիշտ է, «Սասուոլոյի» նկատմամբ հաղթանակը հաշվի առումով այնքան էլ տպավորիչ չէր՝ 1:0, սակայն չմոռանանք, որ «Յուվենտուսն» առջևում ունի գերկարևոր խաղ Չեմպիոնների լիգայում, որտեղ մրցակիցը Մյունխենի «Բավարիան» է:
Նվազագույն առավելությամբ հաշիվ արձանագրվեց նաև «Պալերմո»-«Նապոլի» դիմակայությունում՝ 0:1: «Յուվենտուսն» ունի 67, «Նապոլին»՝ 64, «Ռոման»՝ 59 միավոր:
ՖՐԱՆՍԻԱ
Այն, ինչ արտագնա հանդիպումում «Տրուայի» հետ արեց «Պարի Սեն Ժերմենը», կատարյալ դաժանություն էր՝ ինն անպատասխան գնդակ, որից չորսը` Զլատան Իբրահիմովիչի կատարմամբ: Նշենք նաև Էդինսոն Կավանիի բացված գոլային ախորժակը` մրցակցի դարպասի երկու գրավումով:
Արտագնայում «Մոնպելիեի» նկատմամբ «Նիցցայի» տոնած հաղթանակը թիմին 47 միավորով դուրս բերեց երրորդ հորիզոնական, սակայն վերջինիս հաջողությունը կարող էր ժամանակավոր լինել՝ կախված «Ռեն»-«Լիոն» հանդիպման լիոնյան հաղթական ելքից: Սակայն խաղավարտին մոտ «Ռենը» չեզոքացրեց մրցակցի երկու գոլի առավելությունը, ու կողմերը բաժանվեցին մեկական միավոր վաստակած՝ 2:2:
Նույնպիսի զարգացումներ արձանագրվեցին և «Մոնակո»-«Ռեյմս» մրցակցությունում ու դարձյալ նույն հաշվով: «Պարի Սեն Ժերմենն» ունի 77, «Մոնակոն»՝ 52 միավոր:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ